Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողություններ առաջիկայում չեն սպասվում, դրանք միայն խոսակցություններ են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՌԳԱ ՄՀՀՏԻ Սևծովյան և Կասպից ծովի շրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Ըստ նրա, Իսրայելն առայժմ տեխնիկապես պատրաստ չէ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծմանը: «Սակայն պետք է նշել, որ Իրանը ոչ մի միջուկային զենք էլ չունի: Դա հակասում է Ղուրանին: Եթե օրինակ Հռոմի պապը Ֆրանսիային հրահանգ տար միջուկային զենք չստեղծել, դրան ոչ ոք չէր հնազանդվի, սակայ Իրանում, եթե գերագույն առաջնորդն ասում է, որ, ըստ սուրբ գրքի, «չի կարելի», ուրեմն իսկապես չի կարելի: Բացի այդ, ոչ ոք չի գտել գործարան, որտեղ ռումբեր են պատրաստում: Իսկ միջուկային էներգիայի խաղաղ շահագործման իրավունք ունի յուրաքանչյուր երկիր: Անկեղծ ասասծ, իրենք իսրայելցիներն էլ չեն հավատում, որ իրենց երկիրը Թեհրանի կողմից ատոմային ռմբակոծության կենթարկվի»,-ասել է փորձագետը, հավելելով, որ առանց ԱՄՆ աջակցության, Իսրայելը դժվար թե համարձակվի ռմբակոծել Իրանը:





