Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում 2011-ին առկա թերություններն ու խնդիրները:
Նրա գնահատմամբ` ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար. նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ: Պաշտպանի հաջորդ նկատառումը վերաբերում է Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանը: Նրա գնահատմամբ`աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները, ինչի հետևանքով շարունակել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները: Առանձին դեպքերում ԴԱՀԿ ծառայության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդների օբյեկտիվությունը հաճախ վիճահարույց է եղել, ինչը պատճառ է եղել նաև կոռուպցիոն դրսևորումների: ԴԱՀԿ ծառայությունը, պաշտպանի գնահատմամբ, շարունակել է դրսևորել անգործություն պետական մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերում:





