AM
26 Մարտ 2012 - 12:09 AMT

Կարեն Անդրեասյան. ՔԿԱԳ-ի ծառայությունների որակը ցածր է

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններին և խնդիրներին:

Կարեն Անդրեասյանի գնահատմամբ` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերում շարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածին:

Որոշ դեպքերում ՔԿԱԳ մարմիններում շարունակել են քաղաքացիներից պահանջել օրենքով ոչ պարտադիր փաստաթղթեր (հիմնականում ամուսնությունների գրանցման, անվան, ազգանվան փոփոխման դեպքերում): Բացի այդ, ՔԿԱԳ գործակալության մի շարք բաժիններում ցածր է եղել բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ չնորմավորված աշխատանքային գրաֆիկ, անհարկի հերթերի ստեղծում և այլն, որոնք պատշաճ հսկողության բացակայության արդյունք են: Թեպետ պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել է մեկ պատուհանի համակարգ, այնուամենայնիվ, սպասարկող աշխատակիցների թվաքանակի անբա-վարարության պատճառով եղել են մարդկանց կուտակումներ և աշխատանքների խառնաշփոթ: