Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կողմ է Երևանում, «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում Նոյան տապանի կառուցմանը: Լինելով նախաձեռնող խմբի անդամ՝ նա գտնում է, որ տապանի իջևանումը Արարատ լեռան գագաթին դա Աստծո ուղերձն էր հայ ժողովրդին:
Հրապարակախոսը նաև կարծում է, որ միայն Երևանի կենտրոնում այն կարող է արդարացնել իրեն, և ոչ թե այլ վայրում: Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ եթե հայերն այն չկառուցեն, թուրքերն են կառուցելու: «Ի վերջո, ով գաղափարի համար ներդնում է 40 միլիոն դոլար, նա էլ որոշել է, որ տապանն այդտեղ պետք է կառուցվի»,-ասել է հրապարակխոսը:
Բանախոսին հակադարձեց քանդակագործ և նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նա գտնում է, որ նախ և առաջ տապանը կդառնա նյութական և հասանելի բան և կկորցնի իր գաղափարական նշանակությունը և կարող է վիրավորական լինել հավատացյալ մարդկանց համար: Ըստ նկարչի, տապանը կաղավաղի մայրաքաղաքի լանդշաֆտը:
«Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրը բիզնես պլան է, որը պետք է կյանքի կոչի «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն, գործարար Թորոս Ումրիկյանը «Արմարե» ընկերության հետ համատեղ:
Այն նախատեսվում է տեղակայել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում` «Արագիլ» ռեստորանի հարևանությամբ` Արարատ լեռան ֆոնին: Այն պետք է լինի բնական չափսերով, զբաղեցնի 10.000 քմ տարածք: Ըստ մտահղացման, համալիրն իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այնտեղ կտեղադրվեն Նոյի և նրա ընտանիքի արձանները ու 120 կենդանիների մակետներ:
Տապանի առաջին հարկում նախատեսվում է ստեղծել վերը նշված թանգարանը, երկրորդ հարկում` գիտակրթական բաժին, երրորդ հարկում` հյուրանոցա-ռեստորանային համալիր, չորրորդ հարկում` դիտակետ: Տապանի տախտակամածում հատկացվելու է բոլոր պետությունների զինանշանների համար նախատեսված տարածք: Նախաձեռնող խմբի անդամներն են դերասան Սոս Սարգսյանը, երգիծաբան Արամայիս Սահակյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և այլոք: Տապանը նախատեսվում է կառուցել 2 տարում:





