ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները:
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) գործունեությանը, պաշտպանը բավարար չի գնահատել ՔԿՀ-ներում դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որակը: Որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններ: Նրա գնահատմամբ` Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներն ընդունելու, տեսակցությունները կազմակերպելու, խցերը օդափոխելու և այլ դեպքերում առկա են եղել կոռուպցիոն երևույթներ:
Երբեմն սահմանափակվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբոսանքի իրավունքը՝ շաբաթական 7 անգամվա փոխարեն տրամադրվել է 2-3 անգամ:
Ըստ Կարեն Անդրեասյանի` մտահոգիչ է այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի մասնագիտացված բուժսպասարկումն ապահովող առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև «վերակենդանացման բաժանմունք»:
ՀՀ արդարադատության նախարարությունը, Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, մասնավորապես բավարար արդյունավետ չի իրացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր իրավասությունը:





