AM
26 Մարտ 2012 - 13:06 AMT

Կարեն Աղամյան. «Ես զարմանում եմ, որ մարդիկ դեմ են «Նոյան տապանի» գաղափարին»

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որը «Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրի կառուցման նախաձեռնող խմբի անդամ է, զարմանում է, որ մարդիկ դեմ են «Նոյան տապանի» գաղափարին: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց ճշտել նրանից, թույլատրելի ՞ է արդյոք Նոյան տապանում կառուցել հյուրանոցա-ռեստորանային համալիր, ի պատասխան նա ասաց. «Իհարկե անթույլատրելի է: Պլանը դեռ քննարկման փուլում է և նոր է հասունանում: Մենք քանի որ ավելի գաղափարական հիմքեր ենք դրել այս ամենի մեջ, այն հանեցինք հանրային քննարկման: Սա կարելի էր ավելի լուռ անել», ասաց նա:

«Նոյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրը բիզնես պլան է, որը պետք է կյանքի կոչի «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն, գործարար Թորոս Ումրիկյանը «Արմարե» ընկերության հետ համատեղ:

Այն նախատեսվում է տեղակայել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում` «Արագիլ» ռեստորանի հարևանությամբ` Արարատ լեռան ֆոնին: Այն պետք է լինի բնական չափսերով, զբաղեցնի 10.000 քմ տարածք: Ըստ մտահղացման, համալիրն իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Այնտեղ կտեղադրվեն Նոյի և նրա ընտանիքի արձանները ու 120 կենդանիների մակետներ:

Տապանի առաջին հարկում նախատեսվում է ստեղծել վերը նշված թանգարանը, երկրորդ հարկում` գիտակրթական բաժին, երրորդ հարկում` հյուրանոցա-ռեստորանային համալիր, չորրորդ հարկում` դիտակետ: Տապանի տախտակամածում հատկացվելու է բոլոր պետությունների զինանշանների համար նախատեսված տարածք: Նախաձեռնող խմբի անդամներն են դերասան Սոս Սարգսյանը, երգիծաբան Արամայիս Սահակյանը, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և այլոք: Տապանը նախատեսվում է կառուցել 2 տարում: