AM
27 Մարտ 2012 - 05:44 AMT

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` սիրիական ընդդիմությունը երեխաների է հավաքագրում

Սիրիական ընդդիմությունը երեխաների է հավաքագրում, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ի ներկայացուցչին: Նախնական տեղեկությունների համաձայն` երեխաներն ու դեռահասները կառավարական ուժերի դեմ են կռվում այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ) ջոկատներում, և այժմ այդ տեղեկությունները ստուգվում են: Ընդ որում ՄԱԿ-ում հիշեցրել են, որ անչափահասների ներգրավումը ռազմական գործողությունների մեջ կոպիտ կերպով խախտում է Երեխայի իրավունքների մասին միջազգային կոնվենցիան:

Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայում անկարգությունների զոհերի քանակը գերազանցել է 8 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: