AM
29 Մարտ 2012 - 10:10 AMT

Մանկավարժական համալսարանի ուսանողներին անակնկա՞լ է սպասում

Վերջերս Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը հանդես եկավ ուսաողական ավտոբուսների կիրառման նախաձեռնությամբ: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի բուհերի ուսխորհուրդների նախագահների հետ`պարզելու` հնարավոր է, որ վերջիններս էլ, ինչպես Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, կիրառեն ուսանողական ավտոբուսների պրակտիկան:

ԵՊՀ և ԵՊԼՀ ուսխորհուրդների նախագահներ Ցոլակ Ակոպյանն ու Հասմիկ Ափյանը թղթակցին հայտնեցին, որ իրենք տեղյակ չեն Սլավոնական համալսարանի նախաձեռնությանը: «Ուսանողական ավտոբուսների հարցը կքննարկվի նաև ԵՊՀ ուսխորհրդում` առաջիկա նիստի ժամանակ, կլսենք ուսանողների կարծիքն ու կքննարկենք ավտոբուսների անհրաժեշտության հարցը, ապա`կկայացնենք համապատասխան որոշում»,-թղթակցի հետ զրույցում նշել է Ցոլակ Ակոպյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակիցի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի ուսխորհրդի նախագահ Կարեն Հակոբյանն էլ նշեց, որ իրենց համալսարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, հետևաբար` անիմաստ կլինի ուսանողական ավտոբուսների կիրառումը:

«Նախ`հնարավոր չի լինի որոշել ավտոբուսների հստակ երթուղին, բացի այդ`դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»,-նշեց նա: Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանն իր հերթին նշեց, որ համալսարանի ուսխորհուրդը, հնարավոր է, կիրառի ուսանողական ավտոբուսների պրակտիկան, բայց արդեն` անվճար սպասարկմամբ:

«Չեմ ուզում փակագծերը բացել, այնուամենայնիվ նշեմ, որ մեր ուսանողներին անակնկալ է սպասում»,- թղթակցի հետ զրույցում ասաց նա:

PanARMENIAN.Net-ն ավելի վաղ անդրադարձել էր Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում ուսանողական ավտոբուսներ կիրառելու պրակտիկային: Տրանսպորտի խնդրի լուծման առաջարկով հանդես է եկել ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Երիտասարդության ենթահանձնաժողովը: Հատուկ ավտոբուսները ուսանողներին իրենց բնակության վայրից կտեղափոխեն համալսարան: Նախագծի իրականացմամբ կզբաղվի համալսարանի ուսանողական խորհուրդը: Առաջին ուսանողական ավտոբուսը ՌՀՀ շենքին կմոտենա հավանաբար ապրիլի սկզբին: Վճարը չի գերազանցի ընդունված 100 դրամը: