AM
31 Մարտ 2012 - 07:32 AMT

Օրհուսի կոմիտեն քննել է Թեղուտի հարցը

Ժնևում երեկ տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում առաջինը քննվել է Հայաստանի հարցը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում է ՄԻԺԻ-ի (Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ) հիմնադիր Արմինե Առաքեյանը` Հայաստանի հանրային կառավարման մարմինները բացակայում էին ու կոմիտեին չէին ուղարկել պահանջված զեկույցն ու գործողությունների ծրագիրն այն մասին, թե ինչպես են պատրաստվում իրագործել Թեղուտի վերաբերյալ կոնվենցիայի և կոմիտեի պահանջները:

Հայաստանից նիստին մասնակցում էր հանրային կողմը, ի դեմս սփյուռքի և Հայաստանի ինքնորոշված քաղաքացիների 4 հոգանոց պատվիրակության: Նրանք ներկայացրին խնդիրն և ժողովրդի գոյությանն ու անվտանգությանը սպառնացող ՀՀ կառավարության որոշումները, որոնք հակասում են ՀՀ օրենքներին ու Կոնվենցիայի պարտավորություններին:

Կոմիտեի անդամներն ու նախագահը ողջունել են Հայաստանի հանրության մասնակցությունն ու կարևոր դիտողությունները: Նրանք արձանագրել են, որ հաշվի կառնեն հիմնախնդրի և իրավիճակի լրջությունը և իրենց լիազորությունների սահմաններում կփորձեն ազդարարել և ավելի խստորեն հետամուտ լինել ՀՀ իշխանությունների կողմից Կոմիտեի պահանջների կատարմանը:

Օրհուսի կոնվենցիան ուժի մեջ է մտել 2001թ. հունիսին Օրհուսում (Դանիա) և ներկայումս ունի 45 կողմնակից պետություն: Կոնվենցիան ձգտում է զարգացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հանրային կառավարման մարմինների (իշխանությունների)` շրջակա միջավայրին առնչվող որոշումների և գործունեության վերաբերյալ: