Երևանում աշխատանքն է սկսել ԶԼՄ-ների համար նախատեսված երկօրյա սեմինարը՝ նվիրված ընտրությունների առավել պատասխանատու, հստակ և հավասարակշռված լուսաբանմանը: Սեմինարը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի կողմից, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ինչպես սեմինարի բացմանը հայտարարել է միավորման ղեկավար, փաստաբան Լուսինե Հակոբյանը, սեմինարում կարծարծվեն ընտրությունների լուսաբանման և խոսքի ազատության հարցերը:
Նա նշել է, որ ազատ ու արդար ընտրություններ Հայաստանում հաջողվել է անցկացնել 1991թ., «ինչն այժ մեզ չի հաջողվում»: Նա շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հորդորել է կազմակերպիչներին օգնել հայ ժողովրդին անցկացնել ազատ ու արդար ընտրություններ: Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը կարևորել է ԶԼՄ-ների գործունեությունը ընտրությունների շրջանում, ուստի «մենք ուրախությամբ համաձայնվեցինք ֆինանսավորել ծրագիրը»: ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիսթեան նշել է. «Ըստ կառավարության, այս ընտրություննեը Հայաստանում լինելու են ամենաազատն ու արդարը երբևէ Հայաստանում անցկացված ընտրություններից»: «Մենք հավատում ենք, որ լրագրողները պատասխանտու կլինեն և տեղերում կստուգեն արդյոք դա այդպես է»,-հայտարարել է Հրիսթեան: Նա կարևորել է ԶԼՄ-ների դերը ընտրությունների ժամանակ բախումները կանխելու հարցում:
Իր հերթին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենը նշել է, որ ցանկալի է, որ Հայաստանը կայանա որպես ժողովրդավարական ու բարգավաճող երկիր և որ ընտրությունների ժամանակ բոլորի համար գործեն նույն կանոններն ու բոլորը հավասար իրավունքներ ունենան: Անդերսենը նշել է նաև, որ նույնիսկ կատարյալ ընտրական օրենսգիրքը քաղաքական կամքի ու օրենքների արդյունավետ կիրառման մեխանիզմների բացակայության դեպքում չի կարող ապահովել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը:





