Ապրիլի 2-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարզահամալիրում մեկնարկեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 13-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Մարզական խաղերը կանցկացվեն ապրիլ-մայիս և հոկտեմբեր ամիսներին 8 մարզաձևերում` սեղանի թենիս, շախմատ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, կրոսավազք, մինի ֆուտբոլ և լող: Մասնակցում են Հայաստանի բուհերի 14 թիմեր:
Բացման խոսքում կրթության և գիտության նախարար, ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանում զարգանում և մասսայական է դառնում ուսանողական սպորտային կյանքը:
«Շնորհավորում եմ բոլորիդ, կարծում եմ, որ այս խաղերն անցնելու են անզիջում և հետաքրքիր պայքարում: Մեր ուսանողները նաև հաջող են հանդես գալիս եվրոպական և համաշխարհային ունիվերսիադաներում: Այս տարի Եվրոպայի ունիվերսիադան կայանալու է Իսպանիայում, հուսանք, որ հերթական անգամ մեր ուսանողները մեդալներով կվերադառնան Հայաստան»,- ասաց Աշոտյանը: ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված խաղերը կազմակերպել են ՀՀ գիտության և կրթության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան:





