Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը, կարևորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության և համագործակցության հնարավորություններ:





