AM
3 Ապրիլ 2012 - 11:56 AMT

Հայաստանում ձևավորվել է թռչունների ապօրինի վաճառքի մեծ շուկա

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված թռչունների թիվը 65-ից հասել է 110-ի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:«Սա պայմանավորված է տարբեր գործոններով, որոնցից հիմնականը ուրբանիզացման պատճառով բնական միջավայրի, լանդշաֆտների կորուստն է: Թռչունները չեն կարողանում դիմանալ քաղաքային աղմուկին, աղտոտվածությանը և հեռանում են»,- նշեց բանախոսը:

Սիլվա Ադամյանը, որպես թռչունների վերացման մեկ այլ պատճառ առանձնացրեց արգելավայրերի, անտառային տարածքների ոչ բարվոք վիճակը. «Այդ տարածքներում մենք շատ պահպանվող տեսակներ ունենք, որոնք վերանում են ծառահատումների ու, առհասարակ, արգելավայրերի վատ վիճակի պատճառով»:

Բանախոսն ասաց նաև, որ այս ամենին գումարվել է նաև թռչունների անօրինական որսն ու վաճառքը. «Վերջին այդպիսի դեպքի մասին մենք պատահաբար ենք իմացել, որ 50.000 եվրո գումարով Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել հազվագյուտ սապսան տեսակի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում»:

Ըստ նրա` Հայաստանում այժմ ձևավորվել է թռչունների ապօրինի վաճառքի մեծ շուկա, որը դեռս չի ստացվում կանխարգելել, վերահսկել: