Երևանում տեղի է ունեցել «Ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումներ» թեմայով քննարկում, որը նախաձեռնել էր Սպայի տանը գործող «Գևորգյան ռազմարվեստի դպրոցը»: «Նպատակն է, տարբեր կազմակերպությունների միջոցով բարձրաձայնել այս ուղղությամբ տարվող աշխատանքը, և երիտասարդների հետ քննարկումների միջոցով հասկանալ նրանց հուզող հարցերը և դրանց հիման վրա մշակել ռազմա-հայրենասիրական դաստիարակության մեթոդ»,-համաժողովի բացմանը հայտարարել է «Գևորգյան ռազմարվեստի դպրոց» հայրենասիրական կենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Գևորգ Գևորգյանն ընդգծել է երիտասարդության հայրենասիրական դաստիարակության մեծ կարևորությունը` նկատելով, որ «հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից»:
«Յուրաքանչյուր հայ պետք է հայրենասիրական դաստիարակություն ստանա»,-իր հերթին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Նա նկատել է, որ ռազմա-հայրենասիրական դաստիարակությունը չի ենթադրում միայն ֆիզիկական մարզումներ, «պետք է դաստիարակել և միտքը, և հոգին»:
Կարապետյանը նաև ընդգծել է, որ վերջերս ՀՀ ՊՆ հաստատել է ռազմա-հայրենասիրական դաստիարակության մասին հայեցակարգը, կան նաև պայմանավորվածություններ ՊՆ և ԿԳՆ միջև`ավագ դպրոցների բազայի հիման վրա ռազմա-հայրենասիրական կենտրոն ստեղծելու մասին:





