Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ապրիլի 4-ին՝ ժամը 10.00-ին, կսկսվի «Կամավորության նախաձեռնություն» խորագրով եռօրյա դասընթացը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից` ծրագրին կմասնակցի ավելի քան 35 երիտասարդ, այդ թվում՝ ԱՄՆ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորներ և հանրապետության մարզային համայնքների ներկայացուցիչներ:
Ծրագիրը կազմակերպվում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ։
«Կամավորության նախաձեռնություն» ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում կամավորականության մասին իրազեկության բարձրացումը, բնակչության, հատկապես երիտասարդների կամավոր մասնակցությունը համայնքային աշխատանքներին։
Ծրագրի մասնակից հայ երիտասարդները ստացած հմտությունները հետագայում կփոխանցեն իրենց համայնքների երիտասարդներին՝ այդպիսով խթանելով կամավորականությունը հանրապետությունում։ «Կամավորության նախաձեռնություն» դասընթացի բացման արարողությանը ողջույնի խոսք կասեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի ծրագրերի և դասընթացների ղեկավար Նիքոլաս Բռունոն։
Ծրագրի աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։





