«Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակում այսօր անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Այն իրականացվեց «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ներկա էին «Միավորված հայեր», ՀՅԴ, ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների կրթության ոլորտի ներկայացուցիչները:
Ներկա կուսակցությունները ներկայացրեցին իրենց ծրագրերը կրթության ոլորտի բարելավման ուղղությամբ:
ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը ներկայացրեց օրինագիծ, որը վերաբերում է սահմանամերձ գյուղերի երիտասարդների համար բուհերում անվճար տեղերի հատկացմանը, ուսումն ավարտելուց հետո վերադառնալու և այնտեղ աշխատելու պայմանով, որն այս տարի արդեն գործելու է:
Նա ներկայացրեց նաև առաջիկայում առաջարկվող ևս 2 ծրագիր, որոնք վերաբերում են մարզերում աշխատող մասնագետների աշխատավարձերի բարձրացմաը, դրա ամրագրմանը օրենսգրքում և մարզերում աշխատել ցանկացողներին բնակարանային և որոշ արտոնյալ պայմանների տրամադրմանը:
ՀՀԿ ներկայացուցիչ Ռոբերտ Սուքիասյանը հավաստեց, որ այսօր բուհական համակարգի առաջընթացին ուղղված աշխատանքներն արդեն սկսված են: Նա ներկայացրեց ՀՀԿ-ի անելիքներն ու ծրագրեը այդ ոլորտում, որոնք ուղղված կլինեն կրթության մատչելիության, ինստիտուցիոալության և որակի բարձրացմանը: Ըստ նրա` այդ ծրագրերն իրականացվելու են կրթական համակարգի մեխանիզմների փոփոխությամբ, նորարարական ծրագրերով, նորագույն տեխնոլոգիաների և լաբորատորիաների ներդրմամբ և այլ ճանապարհներով:
Անահիտ Բախշյանը, ներկայացնելով «Ժառանգության» ծրագրերը կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ, նշեց բանակ և բուհ համագործակցության և կապերի ստեղծման մասին` առաջարկելով բուհերում վերականգնել զինվորական ամբիոնները: Մյուս առաջարկը վերաբերում է բուհերի ֆինանսավորման չափին, որը նախատեսում են մինչև 2020թ. հասցնել մինչև 3 %: «Հայաստանի մրցակցության և մարտունակության միակ գրավականը գիտելիքն է»,- ասաց նա:





