AM
9 Ապրիլ 2012 - 11:52 AMT

Մալիի պաշտոնանկ նախագահը պաշտոնապես հրաժարական է տվել

Ռազմական ապստամբության արդյունքում պաշտոնանկ արված Մալիի նախագահ Ամադու Թումանի Տուրեն պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել: Մալիի պետական հեռուստատեսությունը և France 24 ֆրանսիական հեռուստաալիքը կիրակի օրը` ապրիլի 8-ին ցուցադրել են, թե ինչպես է 63-ամյա Տուրեն Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող վիլլաներից մեկում ստորագրում համապատասխան փաստաթուղթը և այն հանձնում պատվիրակին: Ընդ որում պաշտոնանկ արված նախագահն ասում է. «Ես դա անում եմ առանց ճնշման, բարի կամքով ու նախ և առաջ ելնելով իմ երկրի հանդեպ սիրուց»:

Ստորագրելով հրաժարականի դիմումը` Ամադու Թումանի Տուրեն բացեց անցումային կառավարության ձևավորման ճանապարհը:

Այժմ սահմանադրական դատարանը կարող է հայտարարել, որ նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, և խորհրդարանի նախագահ Դիոնկունդա Տրաորեն, որը նոր է հայրենիք վերադարձել Բուրկինա Ֆասոյից, կկարողանա ժամանակավոր նախագահ դառնալ, ինչպես դա նախատեսում է Մալիի սահմանադրությունը: 70-ամյա Տրաորեն նաև կգլխավորի անցումային կառավարությունը և վաղաժամ ընտրություններ կկազմակերպի: