Վրաստանի ռազմական պաշտպանական համալիրի ձեռնարկությունները երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին են ներկայացրել ազգային մշակման առաջին անօդաչու սարքը, ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Նախագահը նաև մասնակցել է նոր սարքի փորձարկումներին: Վրացական անօդաչու սարքի առաջին թռիչքը հաջող է համարվել:
Ապրիլի 10-ին փորձարկված սարքը նախատեսված է սահմաններում պարեկային ծառայության, հետախուզության և դիտարկման համար, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը, անօդաչու սարքը կարող է կատարել նաև ճառագայթային վերահսկողություն և ռադիոէլեկտրոնային հետախուզում:
Վրացական անօդաչու սարքը, որի անվանումը չի նշվում, կարող է ժամում 160 կմ արագություն զարգացնել և թռիչքներ կատարել մինչև 3 հազար մետր բարձրության վրա:
«1,5 տարուց այս սարքերը կհասնեն արտերկրի նմանատիպ սարքերի մակարդակին: Այս տարի այդ սարքերը կներկայացվեն շքերթի ժամանակ, իսկ հաջորդ տարի նրանց քանակն ու որակը հինգ անգամ ավելի շատ ու լավը կլինի»,-հայտարարել է Վրաստանի նախագահը:





