AM
11 Ապրիլ 2012 - 10:13 AMT

Գիտության ֆինանսավորման ներքին գործընթացներում տեղաշարժեր կան

«Անցյալ տարվա համեմատ ներքին գործընթացներում տեղաշարժեր կան, բայց դեռ միայն խոստումների տեսքով»,- այսօր Գիտության ֆինանսավորման խնդիրների մասին խոսելիս ասաց Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանը:

Ըստ նրա, ներքին տեղարշարժերից կարևոր էր նախ այն, որ գրեթե բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում ներառեցին գիտության ֆինանասավորման ավելացման մասին դրույթներ: Ոմանք հրապարակի վրա եղած ու առաջարկված տարբերակները վերցնելով, ոմանք էլ որոշակի փոփոխություններ անելով: Եվ երկրորդ, որ ավելի լուրջ տեղաշարժ է. գիտության ֆինանսավորման ավելացումը կուսակցությունները ներկայացրեցին Հայաստանի համախառն ներքին արդյունքով` ՀՆԱ-ով, և այսպես ֆինանսավորվելու պարագայում գիտությունը կստանա մոտ 4 անգամ ավելի գումար, քան` հիմա է ստանում:

«Աշխարհում գիտությանը տրվում է համախառն ներքին արդյունքի 2-3 տոկոսը, իսկ Հայաստանում տրվում է բյուջեի ծախսային մասի 1տոկոսը, որը ՀՆԱ-ի 0,25 տոկոսն է: Սա պատրանք է, քանի որ շատերը չեն հասկանում տերմինների տարբերությամբ առաջացած անհամընկնումները»,- ասում է Արթուր Իշխանյանը:

Արթուր Իշխանյանը, խոսելով երիտասարդ գիտնականների միության՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) խմբի աշխատանքների մասին, հավաստիացրեց, որ ոչ միայն իրենց, այլ նաև` UNESCO-ի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում գիտությունը մեծ վտանգի առաջ է կանգնած, քանի որ գիտնականնների տարիքը մեծացել է. 2001 թվականի 48 տարեկանի դիմաց այսօր հասնելով 60-ի: