Միավորված ազգերի կազմակերպության` ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի`ԱՊԼ Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին Թեհրանում բանակցություններից հետո համատեղ մամլո ասուլիս են տվել, հայտնում է «Ալ Ջազիրան»: Քոֆի Աննանը ողջունել է խաղաղություն ապահովելու Իրանի ջանքերը, ասելով, որ Թեհրանը կարող է դառնալ «լուծման մասը»: Նա կրկին կարևորել է սպանություններին վերջ տալու ու կարիքավորներին մարդասիրական աջակցություն ցույց տալու հարցերը: «Քաղաքական գործընթացը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի ձգտումները: Սիրիայի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսն է, որ ցանկացած վրիպում կարող է անկանխատեսելի հետևանանքեր ունենալ»,- ասել է Քոֆի Անանը:
Իրանի արտգործնախարար Սալեհին էլ ասել է, որ Իրանը սատարում է Աննանի ջանքերին, սակայն նշել է, որ կառավարությանը որոշակի ժամանակ է հարկավոր բարեփոխումներ իրականացնելու համար: «Մենք գտնում ենք, որ Սիրիայի, ինչպես նաև մյուս երկրների բնակիչները իրավունք ունեն օգտվելու այն բոլոր իրավունքներից, որոնք ունեն աշխարհի մյուս ժողովրդները, ինչպիսիք են քաղաքական կուսակցությունների ազատությունը, ընտրությունների ազատությունը, Սահմանադրությունը, որը ամփոփում է ժողովրդի բոլոր ցանկությունները: Միևնույն ժամանակ, մենք հայտարարեցինք, որ դեմ ենք բոլոր երկրների, ներառյալ Սիրիայի գործերին միջամտելուն, ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
«Կառավարությունն ինձ հավաստիացրեց, որ հրադադարի մասին համաձայնագիրը կկատարվի և ռազմական գործողությունները կդադարեցվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 24 ժամ առաջ: Եթե բոլոր կողմերը հարգեն այն, կարծում եմ, հինգշաբթի առավոտյան ժամը 6-ին մենք արդեն տեղերում կտեսնենք իրավիճակի զգալի բարելավում»,-ասել է Աննանը:





