AM
12 Ապրիլ 2012 - 05:28 AMT

Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նոր բախումներ չեն արձանագրվել

Սիրիայում հինգշաբթի տեղի ժամանակով ժամը 6:00 կառավարական զորքերի և ընդդիմության միջև դադարեցվել են բախումները, ինչը նախատեսվում է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆֆի Աննանի` սիրիական ճգնաժամի կարգավորման ծրագրով: Ինչպես հաղորդում է Ռոյտերսը` հղելով ընդդիմության ներկայացուցիչներին, նոր բախումներ չեն արձանագրվել:

ՌԴ ԱԳՆ հայտարարել է, որ «Մարդու իրավունքների պահպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի»` OSDH, կոմպետենտության մակարդակը ստիպում է կասկածել տրամադրվող տեղեկությունների ճշմարտացիությանը, թե իբր որոշ քաղաքներում պայթյունները շարունակվում են: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, այդ կազմակերպությունում աշխատում է ընդամենը երկու մարդ, որոնցից մեկը` ղեկավարը, չունի անգամ լիարժեք միջնակարգ կրթություն:

Սիրիական ճգնաժամի կարգավորման ծրագրով նախատեսվում է մի շարք պարտականությունների իրականացում` այդ թվում երկու կողմից էլ կրակի դադարեցում:

Չորեքշաբթի Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ սկսած ժամը 6:00-ից կդադարեցնեն ռազմական գործողությունները: Նման պատրաստակամություն էր հայտնել նաև ընդդիմությունը: