AM
13 Ապրիլ 2012 - 12:50 AMT

Բլոգեր. Մարաղայի ցեղասպանության օրերին ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելը անբարոյականություն է

Մարաղայի ցեղասպանութայն օրերին ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելը և՛ կազմակերպիչների, և՛ տարածք տրամադրողների կողմից անբարոյականություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց բլոգեր Տիգրան Քոչարյանը:

«Փառատոնի նպատակը, ըստ Վանյանի, հայ ու ադրբեջանցի ժողովրդների միջև երկխոսության հասնելն է, սակայն երկխոսություն լինում է այն դեպքում, երբ երկու կողմերն էլ պատրաստ են երկխոսության: Եթե 2-րդ կողմը բացի հայհոյանքից ու հայատյացութունից, ուրիշ բան չի դրսևորում, այստեղ փառատոն անելը վուլգարություն է»,- ասաց բլոգերը:

Ըստ նրա` ստացվում է նախնական մտադրության ճիշտ հակառակը. Հայաստանում ավելի մեծ ատելություն է առաջանում ադրբեջանցիների հանդեպ, և այդ թեման արդեն դարձել է բիզնես, որի միջոցով Վանյանն իրեն է գովազդում ու փող աշխատում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանն էլ նշեց, որ իրենք դեմ են ոչ թե տվյալ երկրի մշակութային դրսևորումների ներկայացմանը Հայաստանում, այլ ֆիլմերի միջոցով հանդուրժողականության կոչերին, այն պարագայում, երբ հանդուրժողականության կարիք կա հենց Ադրբեջանում. «Հակահայկական հիստերիան Ադրբեջանում ահավոր մեծ մակարդակի է հասել: Այդ պարագայում գալն ու հանդուրժողականություն քարոզելը թիկունքից խփելու նման մի բան է»:

Փորձագետն որպես օրինակ նշեց այն, որ հաճախ է պատահում, երբ ադրբեջանցի մարզիկներ գալիս են Հայաստան և ոչ մի խնդիր չի առաջանում, իսկ հայի ազգանունով, նույնիսկ ոչ Հայաստանի քաղաքացիները չեն կարող Ադրբեջան գնալ. «Այդ պատճառով թող վանյանները գնան նույն կերպ փառատոն անեն Ադրբեջանում, եթե, իհարկե, հաջորդ օրը իրենց գլուխները ցցին չհայտնվեն»: