AM
14 Ապրիլ 2012 - 06:41 AMT

Ամերիկյան պետությունների կազմակերպության գագաթաժողովի շեմին ևս երկու պայթյուն է տեղի ունեցել

Եվս երկու պայթյուն է տեղի ունեցել Կոլումբիայում, որտեղ շուտով աշխատանքն է սկսելու Ամերիկյան պետությունների կազմակերպության գագաթաժողովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու պայթյուն է տեղի ունեցել Բոգոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ: Տուժածներ ու ավերածություններ չկան: Նշվել է, որ պայթյունները տեղի են ունեցել Բարաք Օբամայի Կարտախենայի օդանավակայան ժամանելուց մի քանի ժամ անց:

Շուտով ևս երկու նմանատիպ պայթյուն է տեղի ունեցել բուն Կարտախենայում: Ոստիկանությունը պայթյունները կապում է ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների գործունեության հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գագաթաժողովը հեշտ չի լինելու Օբամայի համար, քանի որ քննարկվելու է թմրանյութերի օրինականացումը, ինչպես պահանջում են լատինամերիկյան երկրներից շատերը, և Կուբայի դեմ գործող պատժամիջոցների վերացումը: ԱՄՆ-ն պատրաստ չէ զիջումների գնալ այդ հարցերում: