Քաղաքացիական պայքարը Մաշտոցի պուրակում շարունակվում է: Ըստ օրակարգի այսօր ժամը 12:00 – 16:00-ը ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար կտրամադրի հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է` fraxinus)։
«Սիրով հրավիրում ենք ձեզ, ձեր ընկերներին, ազգականներին այցելել (բահերով) Երևան քաղաքի Գլխավոր պողոտային հարող «Մաշտոցի» պուրակ, տնկիներ վերցնելու համար։ Վերը նշված վայրում ձևավորվելու է «գրասենյակ», բաղկացած սեղանից և աթոռներից, որին մոտենալով դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաև ուղղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու և դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին»,- նշում են կազմակերպիչները։
Ժամը 18:18-ին՝ «Քաղաքացիական ամբիոն»-ում ելույթ կունենա բուսաբան, կենսաբանական գիտ. թեկնածու Նինա Ստեփանյանը: Թեման` 1. «Կանաչապատո՞ւմ, թե «կանաչահատում» և (ծառերի խորը էտում` արդյո՞ք դա ճիշտ է)» և 2. «Հերթական կանաչ տարածքների զավթում (ընդհանուր օրինաչափություններ)»:
20:00 – 21:00-ը Մաշտոցի պուրակում Այրուձի հեծյալ ակումբը կներկայացնի ավանդական ստվերների թատրոն: Կցուցադրվի նաև «Այրուձի» ֆիլմը:





