«Հայկական ժամանակը» գրում է, որ ապրիլի 15-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Հայ ազգային կոնգրես համամասնական ցուցակի պատգամավորի թեկանծու Բաբկեն Գարոյանին վնասվածքներ հասցրած Վարդան Վ.-ին երեկվա դրությամբ ոստիկանությունը չէր ձերբակալել:
«Սա, թերևս, կանխատեսելի էր, որովհետև փաստի առիթով քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը թեթև մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, որն առավելագույն պատիժ է սահմանում երկամսյա կալանքը: Սա ակնհայտորեն արարքի սխալ որակավորում է, որովհետև միջադեպը կապված է նախընտրական քարոզչության հետ, և ուրեմն` պետք է որակվի ՔՕ 149 հոդվածով, որ վերաբերում է ընտրական իրավունքի իրացման համար հարուցված խոչընդոտներին, ինչը զուգորդվել է բռնությամբ: Այս պարագայում լուրջ պատիժ է սահմանված` 2-5 տարվա ազատազրկում»,- գրում է թերթը:





