AM
18 Ապրիլ 2012 - 06:47 AMT

Արմեն Աշոտյան. Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ

Երեկ Արմեն Աշոտյանը հրաման էր ստորագրել՝ աշխատանքից ազատելով ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին, ինչից հետո Facebook-ի իր էջում գրել է. «Այսօրվա իմ հրամանը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ստանում եմ բազմաթիվ հարցեր, նամակներ, զանգեր, գրություններ նախկին և ներկա ուսանողներից, աշխատակիցներից, այլ քաղաքացիներից: Շնորհակալություն եմ հայտնում նրանցում հայտնվող աջակցության համար: Միաժամանակ, որոշ հարցադրումներում կան նաև տարակուսանքի, անհանգստության և անհամաձայնության դրսևորումներ: Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետևյալը`

1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսրանը լուծարվելու է: 2. Համալսրանի և ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել և չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով: 3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները: 4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, և ոչ թե ձեր: 5. Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում: Հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ ենք ներկայացնել դատարանում: 6. Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:

Հ.Գ. Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար: Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ: Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ»: