ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն այսօր հանդիպեց բուհի ուսանողների հետ՝ շնորհակալություն հայտնելով ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը պահպանելու համար: «Դա ապացուցում է, որ բուհը ռեկտոր ունի, և ես չկատարեցի ԿԳՆ նախարարի հրամանը ու չլքեցի իմ պաշտոնը»,- նշեց նա:
Զոլյանի խոսքով այժմ ամենամեծ վտանգն այն է, որ քաղաքական ուժերը կարող են փորձել օգտվել ստեղծված իրավիճակից: Նա խնդրեց, որ ոչ ոք իր թիմակիցներին բուհ չբերի՝ ավելացնելով, որ ցանկացած քաղաքական ուժ կցանկանար գալ ԵՊԼՀ և ողջունել ուսանողների այս նախաձեռնությունը, սակայն այդ պարագայում բուհը կլիներ ոչ թե ուսանողների, այլ կուսակցականների համար:
Նախկին ռեկտորը ողջունեց Արմեն Աշոտյանի այն հայտարարությունը, ըստ որի ԵՊԼՀ-ն չի լուծարվելու և այլ բուհի չի միանալու, սակայն նշեց, որ Աշոտյանի հայտարարությունը բավարար չէ. «Պետք է կառավարությունն էլ ապաշտոնապես հերքի, որ համալսարանը ոչ լուծարվելու է, ոչ էլ շենքն է վաճառվելու»:
Սուրեն Զոլյանը նշեց, որ ԿԳՆ նախարարի նկատողությունների հետ կապված Գիտխորհուրդը պատասխան է պատրաստել և պատրաստ է այն ներկայացնել բոլոր ցանկացողներին:





