AM
20 Ապրիլ 2012 - 12:25 AMT

Սուրիկ Խաչատրյանը հերքում է. Նա որևէ կապ չունի Հմայակ Հովհաննիսյանի գրասենյակի հետ

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Հմայակ Հովհաննիսյանի կողմից այսօր մամուլի ասուլիսում արած հայտարարությունը, թե Սուրիկ Խաչատրյանը ցանկանում է խլել Քաղաքագետների միության գրասենյակի տարածքը.

«Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը ու «վստահեցումներն» առնվազն անհեթեթ են: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նշված տարածքի վերաբերյալ որևէ «պայմանավորվածություն» որևէ մեկի հետ երբևէ չի ունեցել և չունի, ինչպես նաև առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ: Նշված տեղեկատվությունը զրպարտություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- նշված է տարածված հայտարարության մեջ:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իր գրասենյակը խլել ցանկացող Սենիկ Ջուլհակյանի հետևում իրականում կանգնած է Սյունիքի մարզպետը. «Կառավարությունն առանց ճշտելու, թե այս մարդն ով է, որոշում է կայացրել: Ինչպե՞ս կարող էր կառավարությունը առանց հասկանալու նման որոշում կայացնել: Դրանից հետևում է, որ Տիգրան Սարգսյանին ուղղորդում է Լիսկան: Կառավարությունը դա արել է Լիսկային ծառայություն մատուցելու համար»,- ասել էր Հովհաննիսյանը: