Արթուր Աբրահամը միացել է Ֆլորա Մարտիրոսյանի «Այլևս երբեք» խորագիրը կրող նախագծին, PanARMENIAN.Net-ին հաղորդել է բռնցքամարտիկի մամուլի քարտուղարը:
Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել Հայոց ցեղասպանության և մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, միաժամանակ աշխարհին հույսի եւ խաղաղության կոչ հղել:
«Միանում եմ «Այլեևս երբեք» նախագծին` դատապարտելով մարդկության հանդեպ ոճրագործությունները, այդ թվում` Հայոց Մեծ Եղեռնը: Ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման նպատակով պատրաստ եմ գործադրել ողջ ջանքերս: Բոլորս դեպի խաղաղություն»,- նշել է Աբրահամը:
Երեւանում կայացած հանդիպման ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանը Արթուր Աբրահամին ներկայացրել է նախագծի մանրամասները և առաջիկա ծրագրերը: Երգչուհին նշել է, որ Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում 2011 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած խաղաղության համերգաշարը շարունակություն կունենա Ռուսաստանում, Եվրոպայում, Արեւելքի երկրներում, իսկ 2015 թվականին` Հայաստանում:





