Թբիլիսիում սկսվել է Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջինը դարձավ ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացած դասական երաժշտության երեկոն, որը կազմակերպել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը՝ (խմբավար Մարիաննա Մամաջանովա, երաժշտական բաժնի պատասխանատու` Պավել Օգանեզով):
Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու էին եկել Վրաստանի Ավետարանական –բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Մերաբ Գափրինդաշվիլին և հռոմեա-կաթոլիկական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոն: Ներկաների շրջանում էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ , հոգևոր սպասավորներ, մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ և այլք:
Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզի, Կաչինինի դասական ստեղծագործությունները` Ներսես Շնորհալի երգչախմբի և մենակատարներ Սվետլանա Տատոևայի, Լուիզա Վարդանովայի, Իզաբելլա Մանուսաջյանի, Անահիտ Մկրտչյանի վարպետ կատարումներով:
Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված Հովհաննես Թումանյանի «Սրտիկ» բանաստեղծության հիման վրա գրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան: Պատարագը, որ ցնցող տպավորություն գործեց ներկաների վրա, փայլուն կերպով կատարվեց Ներսես Շնորհալի երգչախմբի կողմից երգահանի ընկերների՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան երաժշտանոցի ուսանողների շնորհալի նվագակցությամբ:
Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:





