Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ապրիլի 22-ին ընդունել է «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առթիվ Հայաստան ժամանած Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է Մայր Աթոռի` որպես հոգևոր-մշակութային նշանավոր օջախի ունեցած դերին ու նշանակությանը հայ գրատպության սկզբնավորման և զարգացման գործում: Վեհափառ Հայրապետը նախախնամական նկատել է, որ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը հանձնվելու է հենց Մաուրիսիո Մակրիի ձեռքով, քանզի զգացումով և ապրումներով շատ մոտ երկու ժողովուրդները միմյանց նկատմամբ առանձնահատուկ սեր և ջերմություն են տածում: Նորին Սրբությունը նաև ընդգծել է, որ պատվիրակության ներկայությունը Հայաստանում ավելացնում է տոնական այս օրերի ջերմությունը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս քաղաքապետի իր օրհնությունն է փոխանցել Արգենտինայի ժողովրդին` մաղթելով, որ Տերը խաղաղության և առաջընթացի մեջ պահի երկիրը և արդյունավորի Արգենտինայի բարեպաշտ ժողովրդի բոլոր ջանքերը:





