Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԱԱԽ խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել:
Այսօր հայ ժողովուրդը նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցը: 1915թ. ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը, որտեղ գլխավոր դեր է խաղացել Թալիաթ փաշա, Էնվեր փաշա և Ջեմալ փաշա եռյակը, հրամայեց Կոստանդնուպոլսում հավաքել ողջ հայ մտավորականությանը և արտաքսել: Մայրաքաղաքում ձերբակալվեց 250 մարդ, մեկ շաբաթվա ընթացքում` ավելի քան 800 մարդ: Մեծամասնությունն ավելի ուշ սպանվեց բանտերում և աքսորի ճանապարհին: Հայոց ցեղասպանության պաշտոնական սկիզբը համարվում է 1915թ. ապրիլի 24-ը, սակայն հայերի զանգվածային սպանությունները սկսվել էին դեռևս սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք 1894-1897թթ.:
Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է մեկուկես միլիոնից մինչև երկու միլիոն հայ: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:





