AM
26 Ապրիլ 2012 - 13:34 AMT

Չնայած ձնառատ ձմռանը, Սևանա լճի ջրառի չափաքանակը 2012թ. սահմանվել է մինչև 169 մլն խմ

Հայաստանի կառավարությունը ապրիլի 26-ի նիստում որոշել է Սևանա լճի ջրառի չափաքանակը 2012 թվականին սահմանել մինչև 169 մլն խորանարդ մետր:

Հարկ է նշել, որ օրենքով սահմանված սահմանային ծավալը կազմում է 170 մլն խոր. մ:

Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմանք է հայտնել նման բարձր ցուցանիշի առիթով, քանի որ ձմեռը բավականաչափ ձնառատ էր: Ջրային տնտեսության պետական կոմիտեի տնօրենի տեղակալ Գագիկ Խաչատրյանն ի պատասխան պարզաբանել է, որ ջրամբարներում ջուրն արդեն հիմա 1,5 անգամ քիչ է սովորականից: «Չնայած առատ ձյան տեղումներին, գարնանը անձրևները քիչ էին, ինչի պատճառով հալած ձյունը չհոսեց գետերը, այլ ներծծվեց հողի մեջ»,- ասել է նա: