AM
3 Մայիս 2012 - 08:39 AMT

Լիանա Դոյդոյան. Մամուլի ազատության համար ամենակարևոր պայմանը տեղեկատվության ազատությունն է

Մամուլի ազատության համար ամենակարևոր պայմանը տեղեկատվության ազատությունն է: Այսօր ողջ աշխարհում նշվող Մամուլի ազատության օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-փորձագետ Լիանա Դոյդոյանը. «Շատ կարևոր է, որպեսզի լրագրողները իմանան«Տեղեկատվություն ազատության մասին» ՀՀ օրենքը և այն օգտագործեն որպես զենք»:

Խոսելով գերատեսչությունների հետ լրագորղների աշխատանքի մասին՝ փորձագետը նշեց, որ հիմնականում անպատասխան են մնում բանավոր հարցումները: Ըստ նրա՝ արդեն մշակվել է օրենքի բարեփոխումների փաթեթը, որը պետք է քննարկվի նոր Աժ-ում, որտեղ կա բանավոր հարցումների մասին կետ:

ԻԱԿ փորձագետն ասաց նաև, որ քիչ են դեպքերը, երբ «Տեղեկատվություն ազատության մասին» օրենքի խախտման դեպքում հենց լրագրողները կամ լրատվամիջոցն է դիմում դատարան. «Հիմնականում դատարան դիմում եմ ՀԿ-ները, կազմակերպությունները: Լինում են դեպքեր, երբ լրագրողները դիմում են մեզ: Մենք փորձում ենք հնարավորինս գրագետ կերպով ներկայանալ դատարան, որպեսզի ստանանք պահանջվող տեղեկատվությունը»: ԻԱԿ փորձագետը նշեց, որ շատ են խնդիրները գերատեսչությունների հետ. եթե տվյալ մարմինը չի ուզում տրամադրել տեղեկատվությունը, ամեն կերպ այն թաքցնում է. «Պատճառաբանությունները հիմնականում կապվում են առևտրային գաղտնիքի և այլ ընկերության գաղտնիքի հետ, որը չի կարելի հրապարակել»: Փորձագետը նշեց, որ տվյալ դեպքում դատական գործը բավականին երկար է ձգվում. Եղել են դեպքեր, երբ պահանջվել է երեք տարի, մինչև որ հաջողվել է ստանալ տվյալ տեղեկատվությունը. «Դա երկար ժամանակ է, և լրագրողն այդքան չի կարող սպասել տվյալ տեղեկատվությանը իր նյութը գրելու համար»: Անցյալ տարվանից գործում է givemeinfo.am կայքը: Այստեղ ցանկացած մարդ, լրագրող կարող է տեղադրել ցանկացած գերատեսչության կամ մարմնի ուղարկած գրավոր հարցումը, և եթե պատասխան եղել է, նաև պատասխանը: Դա տեղեկատվության ռեսուրս է լրագրողների համար, և եթե նրանց պետք է տվյալ ինֆորմացիան, նրանք կարող են գտնել կայքում, և այլևս ստիպված չեն լինի նույն հարցումը ուղարկել գերատեսչությանը: