AM
8 Մայիս 2012 - 08:13 AMT

Հայաստանում աճում է սեյսմիկ ակտիվությունը, բայց դա բնական գործընթաց է

Հայաստանում աճում է սեյսմիկ ակտիվությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նա նաև նշեց, որ երեկ Ադրբեջանում տեղի ունեցած 5.7 մագնիտուդով երկրաշարժը Հայաստանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

«4-բալանոց երկրաշարժ է գրանցվել Նոյեմբերյանում և Մարտունու շրջանում, 3 բալ՝ Երևանում, Գյումրիում և Արարատում»,- ասաց նա:

Մասնագետը նաև նշեց, որ գործակալությունը մայիսի 5-7 ընկած ժամանակահատվածում մեր տարածաշրջանում գրանցել է 7 երկրաշարժ. «Գլխավոր Կովկասյան խզվածքի ազդեցության գոտում 53 հետցնցում ենք գրանցել: Դրանցից 2-ը տեղի են ունեցել Հայաստանում՝ Աշոցքում և Սևանում: Հետցնցումներ են եղել նաև Իրանում»: Պետրոսյանը հայտնեց նաև, որ 2010 թվականի ընթացքում 451 սեյսմիկ ցնցում է գրանցվել, 2011-ին՝ 676, 2012-ին արդեն գրանցվել է 370 սեյսմիկ ցնցում: Մասնագետի կանխատեսմամբ՝ մինչև տարեվերջ դրանց թիվը կարող է հասնել 1000-ի. «Սեյսմիկ ակտիվությունը ժամանակ առ ժամանակ աճում և նվազում է: Դա բնական գործընթաց է: Հիմա մենք գտնվում ենք սեյսմիկ ակտիվության փուլում»:

Անդրադառնալով համաշխարհային միտումներին՝ մասնագետը նշեց, որ սեյսմիկ աճ գրեթե չի նկատվում. «Կա որոշակի աճ, բայց Ֆոկուսիմայի երկրաշարժի նման ուժեղ ցնցումներ չեն գրանցվել»: