Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանել է 1 միլիոն դրամով մայիսի 6–ին` ընտրությունների օրը, եթերում քարոզչություն իրականացնելու համար։
Այս մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին հաղորդեցին ՀՌԱՀ–ի մամուլի ծառայությունից։
Օրերս Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը ԿԸՀ բողոք էր ներկայացրել, որ հեռուստաընկերությունը խախտել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է ընտրությունների և հանրաքվեների մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում է հեռարձակել։
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է, որ մայիսի 5–ին և 6–ին «Կենտնրոն» հեռուստաընկերության եթերում քարոզչություն և հակաքարոզչություն չի եղել:
«Պարզապես մայիսի 6–ին մենք Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել ենք ուղիղ եթերով, որի ժամանակ Լևոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել»,–գրել էր լրագրողը։





