AM
11 Մայիս 2012 - 13:30 AMT

Ֆրանսիական համալսարանի ռեկտորը պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով

Կրթության և գիտության ոլորտում և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ժոել Լը Մորզելեկն այսօր պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով», որը հանձնել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար։

«Ֆրանսիական համալսարանը տիկին ժոել Լը Մորզելեկի ղեկավարման օրոք նույնպես ապրել է Հայաստանի հետ միասին` Հայաստանի կրթական համակարգին օգնելով և կիսելով նույն խնդիրները: Այս ընթացքում իրականացվել են մի շարք լավ ծրագրեր, և շարունակելով համալսարանի լավագույն ավանդույթները` բուհը թևակոխել է զարգացման նոր փուլ»-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ Լը Մորզելեկը Հայաստանից հեռանում է լավագույն հիշողություններով և վերադառնալու ակնկալիքով:

Ռեկտորը շնորհակալություն է հայտնել հուշամեդալի համար:

«Ինձ համար որպես անձ մեծ պատիվ է նման պարգևի արժանանալ, քանի որ աշխատելով Հայաստանում` ես բացահայտել եմ Հայաստանի ողջ մշակույթը և հեռանում եմ մեծ հիշողություններով: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեկ անգամ ոտք ես դնում, այլևս չես կարող չվերադառնալ: Որպես ռեկտոր` ես փորձել եմ միշտ ի կատար ածել, հարգել, պաշտպանել ՀՀ օրենսդրության պահանջները», – ասել է ռեկտորը:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: