Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն ընդունել է Երևանի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներին` համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ:
Ամենայն Հայոց Հայրապետը նշել է, որ այս այցը երիտասարդ մանկավարժների համար համայն հայ ժողովրդի նվիրական սրբավայրի օրհնությունը ստանալու առիթ է, ինչպես նաև հաղորդակցվելու նրա խորհրդին և վերանորոգելու իրենց ուխտը:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է պատմության ուսուցիչների կարևոր առաքելությանը: Նա ընդգծել է, որ պատմության իմացությամբ է, որ նոր սերունդը կարող է դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացին, նոր ուղիներ բանալ Հայրենիքի առաջընթացի համար, նոր հույսեր գծագրել հայ ժողովրդի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է երիտասարդ մանկավարժներին լինել մեր ազգային, հարազատ արժեքների մարտիկները: Վեհափառ Հայրապետը պատգամել է երիտասարդներին հանձնառության ոգի դրսևորել և ամենայն նախանձախնդրությամբ ու ջանադրությամբ իրենց գիտելիքները կիրառել նոր սերնդին դաստիարակելու գործում:





