AM
15 Մայիս 2012 - 11:24 AMT

Նարեգ Հարթունյանի փաստաբանների բողոքները մերժվել են

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից կայացված երկու որոշումներով մերժվեցին Նարեգ Հարթունյանի փաստաբանների ներկայացրած բողոքները:

Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչներ Անի Թորոսյանն ու Հայկ Ալումյանը դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` դատախազ Բագրատ Պետրոսյանի որոշումները վիճարկելու համար:

Բողոքներից մեկը վերաբերում էր «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գույքի վրա անհիմն կալանք դնելուն, մյուսը` քննիչի կողմից Սևակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի և Արսեն Արտաշեսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն: Քննիչ Ռ.Մկրտչյանի կողմից կայացրած վերը նշված երկու որոշումների դեմ Ն.Հարթունյանի կողմից բողոք էր ներկայացվել դատախազ Բ.Պետրոսյանին, վերջինիս կողմից մերժվել էին երկու բողոքներն էլ:

Նշված որոշումների դեմ էլ հենց փաստաբանները ՀՀ քր. օրենսգրքի 290 հոդվածով սահմանված կարգով դիմել էին դատարան: Նարեգ Հարթունյանի փաստաբան Անի Թորոսյանի խոսքով` որոշումները միանշանակ բողոքարկելու են, և փաստաբանները հետամուտ են լինելու իրենց արդարացի պահանջների բավարարմանը: