AM
16 Մայիս 2012 - 13:19 AMT

Հայտնի են դարձել պետական համալսարանի 2012-ի լավագույն ուսանողները

Հայտնի են դարձել Երևանի պետական համալսարանի 2012-ի լավագույն ուսանողները: ԵՊՀ ֆակուլտետներից յուրաքանչյուրը ներկայացրել էր իր 3-ական թեկնածուների անունները, որոնցից մրցանակաբաշխության հանձնաժողովն ընտրել է լավագույններին: Նրանք են. հայ բանասիրության ֆակուլտետից` Թամարա Պողոսյանը, պատմության ֆակուլտետից` Հայկ Մխոյանը, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետից` Լուսինե Կոշեցյանը, աստվածաբանությունից` Ասյա Հայրապետյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից` Րաֆֆի Քարամյանը, քիմիայից` Գոհար Շահինյանը, ֆիզիկայից` Հենրիկ Ներսիսյանը, ռադիոֆիզիկայից` Շանթ Առաքելյանը:Մրցանակակիրներին ընտրելու գործընթացում հանձնաժողովն առաջնորդվել է ուսման առաջադիմությամբ, գիտական աշխատանքներ կատարելու ունակությամբ, ուսանողական հասարակական ակտիվությամբ և օրինակելի վարքի դրսևորմամբ:

Ինչպես իր խոսքում նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը` այս տարի որոշ ֆակուլտետներում զարմանալիորեն նվազել են թեկնածուների հաջողությունները գիտական աշխատանքներում:

«Այս տարվա «լավագույն» ուսանողներն աչքի են ընկնում գերազանց առաջադիմությամբ, ակտիվ են հասարակական կյանքում, բայց ֆակուլտետները, ի զարմանս մեզ, ներկայացրել էին ուսանողների, որոնց գիտական աշխատանքներն այդքան էլ գոհացուցիչ չէին, բայց այնուամենայնիվ ունեին որոշակի տպագրված աշխատանքներ», – ասաց Ռուբեն Մարկոսյանը:

«Լավագույն» ուսանողի կոչմանը հավակնում էին բակալավրի չորրորդ և մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները: Մարկոսյանը նաև նշեց, որ լավագույններին ընտրելու ընթացքում եղել են դեպքեր, երբ թեկնածուների ցուցանիշները հավասար էին:

«Այս դեպքում հանձնաժողովն առաջնորդվեց թեկնածուի կողմից հարցաթերթիկում նշված հարցերի պատասխաններով, դրանց շուրջ արտահայտած մոտեցումներով ու դիրքորոշումներով», – ասաց Մարկոսյանը:

Լավագույն ուսանողները պարգևատրվեցին «ԵՊՀ լավագույն ուսանող 2012» պատվոգրով և ԵՊՀ բրոնզե հուշամեդալով: Մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր համերգային մասով, որն ապահովել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: