AM
16 Մայիս 2012 - 13:21 AMT

Աշոտյանն ու Քուվեյթի դեսպանը խոսել են արաբագիտության կենտրոն ստեղծելու մասին

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խնդիրները` համատեղ ծրագրերի իրականացման և երկկողմանի կապերի ամրապնդման համատեքստում: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է երիտասարդ մասնագետների որակյալ կրթության և մրցունակության խնդիրը:

Անդրադարձ է եղել նաև Երևանի պետական համալսարանում կրթական, գիտական և մշակութային ուղղվածությամբ արաբագիտության կենտրոն ձևավորելու և Երևանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց հիմնելու հնարավորությանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկարներ ունեն, և կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու պետությունների միջև կրթության բնագավառում համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման և բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի տրամադրման խնդիրներին: