AM
16 Մայիս 2012 - 13:23 AMT

Հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան ձեռք բերել նույնականացման քարտեր

ՀՀ քաղաքացիները 2012-ի հունիսի 1-ից կկարողանան ձեռք բերել նույնականացման քարտեր` որպես անձը հաստատող փաստաթուղթ ՀՀ տարածքում օգտագործելու նպատակով, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր:

Նույնականացման քարտը պարունակելու է տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալիներ, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր: Իսկ անձնագրի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են օրենքով նախատեսվող տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում` քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Այդ փաստաթղթերը ստանալը կամավոր է: Նշված փաստաթղթերի հետ մեկտեղ ուժի մեջ են մնալու նաև հին նմուշի անձնագրերը:

Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրումը ՀՀ-ում կատարվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թ. նոյեմբերի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքների ընդունման արդյունքում, որոնք ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունիսի 1-ից: