AM
16 Մայիս 2012 - 13:50 AMT

Օմբուդսմենն առաջարկել է ոստիկանապետին քննարկել բոլոր վիճահարույց հարցերը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ ԿԱ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով վիճահարույց խնդիրների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները: ՄԻՊ աշխատակազմի գրասենյակից հայտնում են, որ նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների և մասնակիցների համար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաև համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից և մարդկանց իրավունքների խախտումներից:

Այս նախաձեռնությունը կապված է ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումների հետ: Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռևս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: