AM
17 Մայիս 2012 - 07:35 AMT

Ֆրանսիայի նախագահը ձևավորել է կառավարությունը հին ընկերներից ու կուսակիցներից

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը ձևավորել է իր առաջին կառավարությունը, որի կազմում ընդգրկվել են նրա գործընկեր պատգամավորները, ընտրարշավի ակտիվիստները և հին ընկերները: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, նոր կառավարությունը փորձագետներն անցումային են անվանում: Ըստ ֆրանսիական քաղաքական իրողությունների, առաջին կառավարությունը կարող է պաշտոնանկ արվել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաջորդ իսկ օրը՝ 2012թ. հունիսի 18-ին: Եթե Օլլանդի Սոցիալիստական կուսակցությունը մեծամասնություն ստանա խորհրդարանի ստորին պալատում, ապա կարելի է վերադասավորումներ ակնկալել նախարարների կաբինետում: Հակառակ դեպքում, կնշանակվի նոր վարչապետ, որն էլ կձևավորի կոալիցիոն կառավարություն:

Օլլանդը խոստացել է տղամարդկանց և կանանց հավասարություն ապահովել կառավարությունում և դա նրան հաջողվել է՝ 34 նախարարներից 17-ը կանայք են: Սակայն, գրեթե բոլոր առանցքային նախարարությունները գլխավորում են տղամարդիկ, մասնավորապես, ՆԳՆ-ն, ԱԳՆ-ն, ՊՆ-ն, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները:

Կառավարության անդամների միջին տարիքը 53 տարեկանն է: Ամենաերիտասարդը Վալլո-Բելկամն է, նա ընդամենը 34 տարեկան է: Ամենատարեցը ԱԳՆ ղեկավար 65-ամյա Լորան Ֆաբիուսն է: