Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից տեղեկատվության թափանցիկության ամենաբարձր աստիճանն ունի Տարածքային կառավարման նախարությունը՝ 57 տոկոսից ավելի։ Այսօր լրագրողների հետ հադիպմանն այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով 2012 թվականի փետրվարի15–ից մինչև ապրիլի 15–ը իրականացրած մոնիտորինգի արդյունքները։
Առավել թափանցիկ են նաև տրանսպորտի նախարարության և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի պաշտոնական կայքերը։ Ինֆորմացիայի տրամադրման և ապահովման տեսակետից ամենաքիչ թափանցիկություն ունեն Արտակարգ իրավիճակների նախարարության (23.6%) և Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքերը (21.05%):
Մարզպետարանների կայքերից թափանցիկ աշխատանքով աչքի են ընկնում Սյունիքի, Արմավիրի և Կոտայքի մարզերինը, իսկ ոչ թափանցիկությամբ՝ Վայոց Ձորինը։
Հայաստանի Հանրապետության նախագահի կայքի տեղեկատվությունը մոտ 29 տոկոսով է թափանցիկ։ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ կայքում բացակայում է ստորաբաժանումների մասին, բյուջեի միջոցների մասին տեղեկատվությունը։ Այս շարքից ամենաթափանցիկը դատախազության կայքն է (55.58%)։
Մելիքյանը նշեց, որ մոնիտորինգի ենթարկված կայքերի հիմնական թերությունն այն է, որ բացակայում է թափուր տեղերի և դրանց լրացման, ստուգումների և դրանց արդյուքների, բյուջետային միջոցների ծախսման մասին տեղեկատվությունը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով՝ իրենք մոնիտորինգի արդյունքներն ուղարկում են գերատեսչություններ։
«Անցած տարի, երբ մենք անցակցնում էինք առաջին փուլը, հետազոտեցինք կայքերն իրավիճակը պարզելու համար, որից հետո սեմինար անցկացրեցինք նախարարությունների և պետական մարմինների պատասխանատուների համար։ Դրանից հետո մենք իսկապես նկատեցինք ակտիվություն և փոփոխություն, մարդիկ գալիս էին մեր գրասենյակ, ծանոթանում չափորոշիչների և պահանջների հետ և գնում ու ձևափոխում, լրացնում էին կայքերը»,–ասաց Մելիքյանը `հավելելով, որ անցած տարվա մոնիտորինգի երկորրդ փուլում արդեն զգալի էին փոփոխությունները։
Այս տարի մոնիտորինգ անց է կացվել 52 կայքերի շրջանում։





