AM
21 Մայիս 2012 - 08:58 AMT

Արմեն Աշոտյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների օլիմպիադայի հաղթողներին

Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր դպրոցականների հանրապետական օլիմպիադայի հաղթողների պարգևատրման հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 66 հաղթողներին անձամբ հանձնել է առաջին կարգի դիպլոմներ:

ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարը, ողջունելով օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, ընդգծել է, որ օլիմպիական շարժումը Հայաստանում հարուստ ավանդույթներ ունի. «Օլիմպիական շարժումը կարևոր է ոչ միայն հաջողությունների ու հաղթանակերի առումով, այլև կրթություն քարոզելու առաջնային նպատակով: Օլիմպիական շարժման ժամանակ մենք պարտավոր ենք հայտնաբերել տաղանդավոր երեխաներին, ովքեր հետագայում հնարավորություն ստանալով մասնակցել միջազգային օլիմպիադաների, մեր հանապետությունը պատվով են ներկայացնելու միջազգային հարթականերում: Վերջին տարիներին միջազգային օլիմպիադաներից մենք ունենք գոհացուցիչ արդյունքներ` մեր աշակերտները փառքով են վերադառնում միջազգային օլիմպիադաներից»,- նշել է նախարարը և հավելել, որ առարկայական օլիմպիադաներ անցկացվում են 15 առարկաներից, որոնցից 6-ի դեպքում են մրցաշարերը շարունակվում միջազգային մրցասպարեզում:

2011-2012 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադային մասնակցել է 1126 աշակերտ` Երևանից, մարզերից և ԼՂՀ-ից: Նրանցից 240-ը արժանացել են գովասանագրերի, 141-ը` 3-րդ կարգի, 92-ը` երկրորդ, իսկ 66-ը` առաջին կարգի դիպլոմների:

Դպրոցական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մարտի 23-ից մայիսի 16-ը` 15 առարկայից` «Պատմություն», «Աստղագիտություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն» «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա»: