Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ նախարարին է ներկայացվել ԱԻՆ մարզային և մայրաքաղաքային ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում իրականացվելիք բարեփոխումների և աշխատանքների պլան-ժամանակացույցը։
ԱԻՆ Սեյսմիկ ծառայության տնօրենը նախարար Երիցյանին է ներկայացրել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը՝ նշելով, որ սեսյմիկ ծառայության մասնագետները մշտապես ստանում և վերլուծում են սեյսմիկ ռեժիմի ցանկացած փոփոխությունների մասին տեղեկատվությունը։
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրենը, ներկայացնելով եղանակի կանխատեսումը, նշել է, որ առաջիկա հինգ օրվա ընթացքում հանրապետության տարածքում, հիմնականում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են ամպրոպ և անձրև, հնարավոր է քամու ուժգնացում, կա նաև կարկտի հավանականություն։ Իսկ հակակարկտային ծառայության տնօրենը զեկուցել է, որ հանրապետության մարզերի` հակակարկտային կայաններով պաշտպանվող տարածքներում կարկտահարություն չի գրանցվել։





