Թբիլիսիում անցկացված Վրաստանի աթլետիկայի բաց առաջնությունում հայ մարզիկները հաջող են ելույթ ունեցել: Հայաստանի և Արցախի 10 պատվիրակներից առավել հաջող է մասնակցել հեռացատկորդ Վարդան Փահլևանյանը: Նա ցույց է տվել 8 մ 12 սմ արդյունք, գրավել է առաջին տեղը և հռչակվել Վրաստանի չեմպիոն:
Նա 2 սմ-ով գերազանցել է օլիմպիական վարկանիշային ցուցանիշը և արժանացել Լոնդոնի խաղերին մասնակցելու իրավունքին: Փահլևանյանը արդեն 22 –րդ մարզիկն է, ով Լոնդոնում կներկայացնի Հայաստանը:
Հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը 756 սմ-ով գրավել է երրորդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու Իսպանիայում հուլիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Դիանա Խուբեսերյանը առաջինն է եղել 100 մ և 200 մ վազքում: Անգերազանցելի էր նաև Սաթենիկ Հովհաննիսյանը: Նա հեռացատկել է 620 սմ, որը սպորտի վարպետի արդյունք է, և եռացատկել 12 մ. 69 սմ:
Պատվանդանի առաջին աստիճանին է կանգնել նաև վազորդուհի Գայանե Բուլղադարյանը (800 մ. ` 2 . 14 , 95): Երկրորդ մրցանակակիր է դարձել Սամվել Գրիգորյանը (400 մ. Արգելավազք) և Աշոտ Հայրապետյանը (3000 մ խոչընդոտավազք ): Արթուր Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել 800 մ վազքում, իսկ արգելավազորդ Ռոման Ալեքսանյանը 400 մետրում:
Հավաքականը Թբիլիսի ուղեկցած վաստակավոր մարզիչ Զաուր Սարգսյանը դրական է գնահատել իր սաների մրցելույթները, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:





