AM
21 Մայիս 2012 - 13:59 AMT

Երևանում Կարեն Դեմիրճյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո կկազմակերպվի

Մայիսի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ներկայացնելու են հուշ-երեկո` նվիրված քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակին: Երեկոյին մասնակցում են Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Կոմիտասի անվան պետական լարային քառյակը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին փոխանցեցին Ֆիլհարմոնիկ նվագախմբից, երեկոյի ընթացքում հնչելու են պետական գործչի սիրված ստեղծագործությունները (Է. Միրզոյանի «Շուշանիկ», Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը» , Վերդիի «Տրավիատա» օպերայի Վիոլետայի արիան և այլն), ցուցադրվելու է գործչին նվիրված տեսաֆիլմ:

Համերգի մենակատարներն են լինելու սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը և տենոր Պերճ Քարազյանը, ռեժիսորը` Հրաչյա Աշուղյանը, դիրիժորները`Էդուարդ Թոփչյանը և Հովհաննես Չեքիջյանը: Համերգը տեղի է ունենալու Արամ Խաչատրյան համերգասրահում, մուտքն ազատ է: