AM
29 Մայիս 2012 - 07:35 AMT

Քաղաքապետը Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել

Երևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Փակ շուկայում նախորդ երեկոյան շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել . «Տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 Փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:

Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից և փլուզումից խուսափելու նպատակով:

Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը:

Եզրակացության և ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»,–գրում է քաղաքապետը։